Posted by: H.C.
Comments: 0
Post Date: 2025-03-05



Աշխատանքային այցով Ռաբատում գտնվող Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը փետրվարի 5-ին հանդիպումներ է ունեցել Մարոկկոյի արդյունաբերության նախարարի, կրթության և մշակույթի նախարարությունների գլխավոր քարտուղարների և զբոսաշրջության նախարարության ռազմավարության և համագործակցության հարցերով վարչության պետի հետ։
Արդյունաբերության և առևտրի նախարար Ռիադ Մըզզուրը դեսպանին մանրամասներ է ներկայացրել երկրի արդյունաբերության հիմնական ճյուղերի մասին` տեղեկացնելով, որ Մարոկկոն նոր շուկաներ է փնտրում, ինչին ի պատասխան` դեսպանն առաջարկել է դիտարկել ՀՀ-ում մարոկկական կապիտալով ընկերություններ հիմնելու հնարավորությունը` հեռանկարում ունենալով դեպի ԵԱՏՄ շուկաներ արտահանման ընդլայնումը։ Առաջարկը դրական արձագանք է ստացել նախարարի կողմից. նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել` շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ։
Կրթության նախարարության գլխավոր քարտուղար Մուհամմադ Խալֆաուիի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների կրթական գերատեսչությունների միջև շրջանառության դրված համագործակցության համաձայնագրի ընթացքին և բուհական հաստատություններում ուսանողների փոխանակման ծրագրերին առնչվող հարցեր։
Հաջորդիվ դեսպան Փոլադյանը հանդիպում է ունեցել մշակույթի նախարարության գլխավոր քարտուղար Սամիրա էլ Մալիզիի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-մարոկկական երկկողմ մշակութային կապերի խթանմանն ուղղված ծրագրեր։ Այս համատեքստում, մարոկկական կողմից առաջարկ է եղել Հայաստանից երաժշտական և պարային համույթներ հրավիրելու վերաբերյալ` մասնակցելու Մարոկկոյում անցկացվող ամենամյա փառատոններին։
Աշխատանքային օրն ավարտվել է Մարոկկոյի զբոսաշրջության նախարարության ռազմավարության և համագործակցության հարցերով վարչության պետ Հասնա Զերուքի հետ հանդիպումով։
Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների պատմամշակութային հարուստ ժառանգության, զբոսաշրջային հնարավորությունների, Հայաստան և Մարոկկո այցելությունների վիճակագրության վերաբերյալ։ Այս առումով երկուստեք կարևորվել է համատեղ աշխատանքների իրականացումը` ավելացնելու Հայաստանի և Մարոկկոի նկատմամբ զբոսաշրջային գրավչությունը, ինչը կնպաստի երկու ուղղություններով այցելությունների թվի աճին։
Թողնել պատասխան