Posted by: H.C. Category: News Comments: 0

Այսօր Ռաբաթում Մարոկկոյի արտաքին գործերի, աֆրիկյան համագործակցության և մարոկկոյցի էմիգրանտների հարցերով նախարար Նասեր Բուրիտան ընդունեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանին, ով հանձնեց իր հավատարմագրերի պատճենները՝ որպես Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝ հավատարմագրված Մարոկկոյի Թագավորությունում՝ Մեծարգո Թագավոր Մուհամմեդ VI-ի մոտ, նստավայրը՝ Երևան։

Հանդիպման ընթացքում նախարար Բուրիտան շնորհավորեց դեսպան Փոլադյանին նշանակման կապակցությամբ և մաղթեց նրան հաջողություններ հայ-մարոկկական հարաբերությունների ամրապնդման գործում։

Դեսպան Փոլադյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և վերահաստատեց իր հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանի և Մարոկկոյի համագործակցության զարգացմանը։ Նա ընդգծեց հայ և արաբ ժողովուրդների դարավոր կապերը և ներկայացրեց Հայաստանի ու արաբական երկրների միջև ընթացիկ համագործակցության զարգացումները։ Դեսպանը կարևորեց հայ-մարոկկական հարաբերությունները նոր որակական մակարդակի բարձրացնելու և տարբեր ոլորտներում գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Հանդիպման շրջանակում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին։ Դեսպան Փոլադյանը նախարար Բուրիտային ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը միտված է տարածաշրջանային կայունության, երկարատև խաղաղության և փոխշահավետ համագործակցության հաստատմանը։

Բացի այդ, դեսպան Փոլադյանը հանդիպում է ունեցել Մարոկկոյի ԱԳՆ եվրոպական հարցերի վարչության տնօրեն Ադղուղի Ռեդուանի հետ։ Հանդիպումից հետո տեղի է ունեցել պաշտոնական արարողությունը, որի ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական երկխոսության զարգացումը, ոլորտային համագործակցությունը և բարձր մակարդակի փոխայցերի կազմակերպումը։

Այս հանդիպումը կարևոր քայլ է Հայաստանի և Մարոկկոյի միջև դիվանագիտական հարաբերությունների խորացման ուղղությամբ, ինչը վկայում է երկու երկրների պատրաստակամությունը՝ ընդլայնելու և ամրապնդելու երկկողմ կապերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով