Փետրվարի 2-ին Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արշակ Փոլադյանը Մարոկկոյի Թագավորությունում իր հավատարմագրերը հանձնեց Մարոկկոյի արտաքին գործերի, աֆրիկյան համագործակցության և մարոկկոյցի էմիգրանտների հարցերով նախարար Նասեր Բուրիտային։
Նախարար Բուրիտան շնորհավորեց դեսպան Փոլադյանին իր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք և հաջողություն՝ ի նպաստ հայ-մարոկկական երկկողմ հարաբերությունների զարգացման։
Դեսպան Փոլադյանը շնորհակալություն հայտնեց նախարարին բարեմաղթանքների համար, անդրադարձավ հայ և արաբ ժողովուրդների բազմադարյա կապերին և ներկայացրեց Հայաստանի և արաբական երկրների միջև ընթացիկ զարգացումները։ Դեսպանը նաև ընդգծեց իր պատրաստակամությունը՝ ներդնելու բոլոր ջանքերը հայ-մարոկկական հարաբերությունները նոր որակական մակարդակի բարձրացնելու և երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունն առավել զարգացնելու համար։
Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը խոսեց Հարավային Կովկասում առկա իրավիճակի մասին, ինչպես նաև ներկայացրեց Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի էությունը, որը միտված է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը և փոխշահավետ համագործակցության ձևավորմանը։
Դեսպան Փոլադյանը նաև հանդիպում ունեցավ Մարոկկոյի ԱԳՆ եվրոպական հարցերի վարչության տնօրեն Ադղուղի Ռեդուանի հետ, որին հաջորդեց պաշտոնական արարողությունը։ Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ընդգծեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական երկխոսության կարևորությունը, ինչպես նաև ոլորտային համագործակցության զարգացումը և բարձր մակարդակի փոխայցերի կազմակերպումը։
Թողնել պատասխան